20.04.2023|
22:24
Նրանք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում այսօրվա իշխանությանը ձայն չեն տվել, նաև նրանցից շատերը, որոնք իրենց կամքով ընտրել են այս իշխանությանը, ոչ մի կերպ չեն ընկալում այն գործողությունների տրամաբանությունը, որն այդ իշխանություններն անվանում են «խաղաղության հաստատման քաղաքականություն»։ Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունում պետական, ազգային շահերի առնչությամբ ենթատեքստ գոյություն չունի։ Ինչպիսի՞ բովանդակություն կարող է ունենալ այդքան կարևոր խնդրի քննարկումը մի երկրի հետ, ընդ որում՝ առանց նախապայմանների, որն օկուպացրել է Արցախի և ՀՀ տարածքները, որը մինչ օրս չի վերադարձրել ռազմագերիներին, որը շարունակաբար անվտանգային ու հումանիտար խնդիրներ է ստեղծում քո բնակչության համար, որը ոչ միայն չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև ընդհանրապես վերացած է համարում այդ խնդիրը, որը մերժում է բանակցային որևէ ձևաչափ և այլն։